Հայաստանի դատախազության ծառայությունը գործում է 1918թ-ի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդը ընդունեց օրենք, որի համաձայն Հայաստանի տարածքում ժամանակավոր կգործեն նախկին Ռուսական կայսրության օրենքները` Հայաստանի Խորհրդի և Ժամանակավոր Կառավարության լրացումներով: Այդ օրենքների շարքում էր նաև դատական համակարգի մասին օրենքը:
Հայաստանում դատախազությունը որպես առանձին ստորաբաժանում առաջին անգամ ձևավորվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո: Սակայն Հայկական ԽՍՀ դատախազությունը ենթարկվում էր ԽՍՀՄ Գերագույն դատարանի Դատախազության ստորաբաժանմանը Հայաստանում:
1991թ-ին անկախության հաստատումից հետո Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն Խորհուրդը հայտարարեց Հայաստանի տարածքում "Դատախազության մասին" ԽՍՀՄ օրենքի ժամանակավոր գործելու մասին, մինչև ազգային օրենքի հրապարակումը: 1995թ-ի հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որի 103-րդ հոդվածով որոշվում են դատախազության գործառույթներն ու խնդիրները: Իսկ արդեն 1998թ-ի հուլիսի 1-ին ընդունվեց "Դատախազության մասին" ՀՀ օրենքը, որն ուժի մեջ մտավ 1999թ-ի հունվարի 12-ին, և, համաձայն որի, ձևավորվեցին Հայաստանի Դատախազության նոր կառուցվածքային ստորաբաժանումներ:
ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարված է որպես դատախազության աշխատողի օր: