2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-431-Ն օրենքի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 17-ը urban.e-gov.am հարթակի միջոցով պետք է դիմեն վերալիցենզավորման՝ համապատասխան դասի լիցենզիա ստանալու համար: Լիցենզիայի (լիցենզիաներ) և ներդիրի (ներդիրներ) գործողությունը համարվելու է դադարեցված, նույնիսկ այն պարագայում, երբ ձեռք բերված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրային ժամկետները լրանում են 2024 թվականի սեպտեմբերի 17-ից հետո։ Քաղաքաշինության բնագավառում լիցենզիաների դասակարգման, լիցենզիային կից համապատասխան ներդիրի տրամադրման համար լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի № 15-Ն հրամանով։ Հրամանին կարող եք ծանոթանալ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arlis.am), ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am պաշտոնական կայքի «Իրավական ակտեր» բաժնում։ Միևնույն ժամանակ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացնում է քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների կարգի շնորհման վերաբերյալ հանդիպում-քննարկումներ, որոնք տեղի են ունենում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (հասցե՝ Կառավարության տուն 3, 1-ին հարկ)։ Հանդիպում-քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել
https://urban.e-gov.am/.../cert_specialist_appointment /info հասցեով: