Համաձայն հին հայկական ժամանակագրության` Ք.ա. 2492թ-ի օգոստոսի 11-ին հայերի նախահայր Հայկը հաղթեց Բելին` վերանվաճելով իր սերունդների հետագա ազատ գոյության և բարգավաճման հնարավորությունը: Լեգենդի համաձայն` Հայկ-Աղեղնավորը, որ պատմության մեջ հայտնի է որպես Հայկ Նահապետ (Հայկազունների թագավորական դինաստիայի հիմնադիրը) Դյուցազնամարտ ճակատամարտում ջախջախեց ասորի բռնապետ Բելի զորքերը և սկիզբ դրեց հայկական պետության ապագային:
Հնում օգոստոսի 11-ին տոնում էին Նավասարդը: Այդ տոնակատարությունները տևում էին մի քանի օր: Այդ օրը մարդիկ խմում էին միայն քաղցր հյութեր և թեթև գինիներ: Ուտելիքը ևս այդ օրերին չափավոր էր: Տոնական սեղանի պարտադիր պարագան կլոր ցորենից թխած հացն էր, որ հեթանոսական աստվածները նոր տարին բարեբեր դարձնեն: 2008թ-ից Նավասարդը առավել լայնամասշտաբ էր տոնվում, և ահա, 2009թ-ին Ազգային Ժողովը սահմանեց այն որպես պաշտոնական տոն` Ազգային Ինքնության օր, որը նշվում է հայերի նախահայր Հայկի փառավոր հաղթանակի օրը: