Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
23/11/2019
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋԱՎԱՅՐ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ, ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՊՈՒՐԱԿ, ԲԱՐԵԿԱՐԳՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Առողջարանային ու ներդրումային գրավիչ միջավայր ունեցող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքը վերջին տարիներին ինտենսիվորեն վերականգնել է հանգստի ու կանաչ գոտիները, կառուցել պուրակ, հիմնովին վերանորոգել Մշակույթի տունը: Ներդրումային ակտիվության խթանմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ ճանապարհների բարեկարգման, ասֆալտապատման հիմնարար աշխատանքներ են իրականացվում: Խնդիրները լուծվում են ամենօրյա հետևողական ու գրագետ աշխատանքի արդյունքում, որն իրականացվում է Բյուրեղավանի համայնքապետարանի կողմից` ի դեմս համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի: Նրան դիմում են այնպիսի հարցերով, որոնք կապված են ընդհուպ ջրային ոլորտի, կրթական, առողջապահական կառույցների հետ, ինչն, անշուշտ, վկայում է տեղական ինքնակառավարման մարմնի հանդեպ քաղաքացիների վստահության մասին: «Դա մեծ ձեռքբերում է»,- արձանագրել է համայնքի ղեկավար Հ. Բալասյանը՝ վերջերս ՏԻՄ օրվա առթիվ հնչեցրած իր խոսքում՝ ընդգծելով, որ «Վստահությանը զուգահեռ ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունն, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրներն ու հնարավորին արագ և ճիշտ լուծումներ գտնելու դրանց համար, նաև ապահովելով գործընթացների առավել թափանցիկությունը»: Իր գոյության 23 տարիների ընթացքում ՏԻՄ համակարգը պետականության կայացման գործընթացին նպաստել է՝ լինելով քաղաքացի-պետություն կապն ապահովող առաջնային օղակ:
Ի սատարումն հայրենիքի պաշտպանության գործի ու դրա արժևորման՝ Բյուրեղավանն ակտիվորեն մասնակցել է վերջերս ՀՀ ՊՆ նախաձեռնած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» լայնածավալ զորավարժություններին, որի շրջանակում դրսևորած բարձր պատրաստակամության և արդյունավետ փոխգործակցության համար համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը պարգևատրվել է շնորհակալագրով՝ Կոտայքի մարզպետի կողմից, միաժամանակ զորավարժություններին լավագույնս մասնակցած բյուրեղավանցիները պարգևատրվել են համայնքի ղեկավար Հ. Բալասյանի շնորհակալագրերով: Նրա նախաձեռնությամբ, համայնքապետարանի հովանավորմամբ՝ ՀՀ Անկախության 28-ամյակի առթիվ լույս է տեսել «Բյուրեղավանի արծիվներ» գիրքը՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված բյուրեղավանցի քաջերի հիշատակին: Ի մեծարումն հայ զինվորի՝ Բյուրեղավան քաղաքի 24 և 3-րդ շենքերի բակում Ապրիլյան մարտերում զոհված տղաների հիշատակին հուշաղբյուր և Արցախյան Ազատամարտում զոհված բյուրեղավանցիների հիշատակին նվիրված զրուցարան է բացվել՝ համայնքապետարանի աջակցությամբ: 2017թ.-ից ի վեր համայնքի ղեկավար Հ. Բալասյանի նախաձեռնությամբ Արցախյան հերոսամարտում զոհված բյուրեղավանցիների հիշատակին անվանական զրուցարաններ են տեղադրվել՝ տարբեր խորագրեր կրող հուշ-ցերեկույթների շրջանակում: Հիրավի, նրանց գործն անմահ է ու ոգեշնչող՝ ի պահպանումն ազատագրած բարձունքների ու պետության սահմանների:
Բյուրեղավանում ներդրումային ակտիվությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ի նպաստ՝ ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման, մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Նախատեսված ծրագրով ասֆալտապատվում են Բյուրեղավան քաղաքի Հայրենադարձ թաղամասի, 1-ին թաղամասի ճանապարհները, Մշակույթի տան հարակից ճանապարհը, Վազգեն Սարգսյան փողոցի մայթերը, նույն փողոցի՝ 20-րդ շենքից մինչև ուսումնարանի տարածքը, Սամվել Վարդանյան փողոցի մայթերն, ինչպես նաև զբոսայգու հետիոտնային ճանապարհները, որոնք արդեն ասֆալտապատվել են: Կապիտալ ասֆալտապատվել է 1-ին թաղամասը, ներառյալ թաղամաս մտնող փողոցն ու շենքերի բակերը: Սամվել Վարդանյան փողոցի, Վազգեն Սարգսյան և Վազգեն Ա Վեհափառի փողոցների մայթերի եզրաքարերի տեղադրումն ընթացքի մեջ է, իսկ հիմնական դպրոցի բակն արդեն ասֆալտապատվել է: Ընթացիկ աշխատանքները պատշաճ որակով ավարտին հասցնելուն պարբերաբար հետևում է համայնքի ղեկավարը: Գալիք 2020թ. նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել նաև Բյուրեղավանի խոշորացված Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում: Նշենք նաև, որ հընթացս արդիականացվում է գիշերային լուսավորության ցանցը՝ էներգախնայող լեդ լուսատուներով, այդ թվում՝ խոշորացված Բյուրեղավանի Ջրաբեր բնակավայրի որոշ փողոցներում: 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի 8 լեդ լուսատուներ վերանորոգվել են: Մինչև տարեվերջ կտեղադրվի ևս 20 լեդ լուսատու:
Արդիականացնելով համայնքի կողմից մատուցվող կրթամշակութային ծառայությունների որակն ու քաղաքի ճարտարապետական դիմագիծը՝ հիմնանորոգվել է Բյուրեղավանի Մշակույթի տունը, կառուցվել քաղաքային պուրակ՝ սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Մշակույթի տունը շահագործման հանձնելուն հաշված օրեր են մնացել: Այն ընդգրկում է քաղաքային գրադարանը, շախմատի խմբակը և Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը, որն, ի դեպ, հայտնի է իր հաջողություններով և վերջին 5 տարում «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» հետ գործակցությամբ ստացել է 13 երաժշտական գործիք, հիմնականում՝ ազգային նվագարաններ: Արվեստի դպրոցում գործում են երաժշտական, կերպարվեստի և պարի խմբակներ՝ մոտ 200 սաների համար: Հավելենք, որ Բյուրեղավանի գրադարանն ունի ավելի քան 600 ընթերցողներ, հարուստ գրադարանային ֆոնդ: Այս ամենն արդեն տեղափոխվել է հիմնանորոգ Մշակույթի տուն, ուր որակապես ամեն ինչ նոր է:
Բյուրեղավանի կենտրոնում ինքնակամ շինությունների և նախկինում կուտակվող աղբի փոխարեն, բացվել է նոր հանրային այգի՝ կանաչապատ, եղևնիներով և այլ դեկորատիվ ծառերով, ստեղծվել են հանգստի վայր, սանհանգույցներ, տեղադրվել նստարաններ, լուսատուներ: Այն իրագործվել է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ՝ նախ համայնքի միջոցներով, ապա ՀՀ կառավարության աջակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրով: Քաղաքային պուրակի հուշաղբյուրի կառուցումը մոտենում է ավարտին, բացումը նախանշված է հաջորդ տարի: Այն կդառնա զբոսանքի գողտրիկ անկյուն: Այստեղ տեղադրվել է 4 հայկական թագավորությունների անվանանշմամբ կոթող: Նախատեսվում է նաև մանկական խաղահրապարակի կառուցում և ծառատունկ:
«Մաքուր միջավայր-առողջ սերունդ» կարգախոսով համայնքի աղբահանության և կանաչ տարածքների պահպանման հետևողականությամբ համայնքապետարանն իրականացնում է նաև պարբերական շաբաթօրյակներ՝ համաքաղաքացիների շրջանում ձևավորելու համար հոգածու վերաբերմունք: Համատիրությունը համայնքապետարանի և քաղաքացիների աջակցությամբ, իրականացնում է բազմաբնակարան շենքերի նախամուտքի տանիքների, մուտքի դռների, պատուհանների վերանորոգման, նորերով փոխարինման աշխատանքներ, ինչը շարունակական գործընթաց է:
Բյուրեղավանն իր կազմի մեջ մտնող Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում լուծում է տվել նախադպրոցական կրթության խնդրին՝ նորարարական մոբիլ մանկապարտեզների ներդրմամբ, որն իրականացվել է Բյուրեղավանի համայնքապետարանի և «Աստղացոլք» ՀԿ-ի համագործակցությամբ: Արդյունքում մոբիլ մանկապարտեզներում տեղադրվել են էներգախնայող արևային վահանակներ: Ավելի վաղ այստեղ տեղադրվել էին ջերմամեկուսիչ դռներ, պատուհաններ՝ հների փոխարեն: Նշենք, որ մոբիլ մանկապարտեզները գործում են ամենօրյա ռեժիմով, բացի հանգստյան օրերից, մանկավարժների վարձատրությունը հոգում է համայնքապետարանը: Հաճելի ու տրամադրող միջավայրում, հիմնականում՝ խաղային ուսուցմամբ, փոքրիկները հաղթահարում են պասիվ կենսակերպը և ձեռքբերում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
Բյուրեղավան քաղաքի կենտրոնում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի խաչն այս տարի օծվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին: Եկեղեցին կառուցվում է բյուրեղավանցի բարերար եղբայրներ Մխիթար և Յուրա Արոյանների նախաձեռնությամբ: Այս տարի շինաշխատանքներն առավել մեծ թափ են ստացել:
Բյուրեղավանը հավակնելով առաջատար մարզական ձեռքբերումների՝ ունի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ, ՀՀ բազմակի չեմպիոններ, միջազգային և հանրապետական մրցաշարերի հաղթողներ, մրցանակակիրներ: Նախատեսված է Բյուրեղավան համայնքի տարբեր սպորտաձևերով ավելի քան 360 մարզիկների ծառայող մանկապատանեկան մարզադպրոցի հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատված տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ , իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով կդիտարկվի մարզադպրոցի՝ մարզական գույքով զինելու տարբերակով շենքի հիմնանորոգում: Եվ թո°ղ, որ լուծում ստանան բոլոր սպասումներն այն լուսավոր, բարեկարգ ու մաքուր միջավայրում, որ ստեղծում է համայնքապետարանը բազում ձեռնարկների կենսակոչմամբ:

«Գործընթաց» թերթ
«Գործընթաց» թերթ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner