Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
24/12/2018
Բյուրեղավանում իրականացված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին

  1. Պարոն Բալասյան նախորդ  տարի վերընտրվեցիք Բյուրեղավան խոշորացված  համայնքի ղեկավար: Գյուղական համայնքների ենթակառուցվածքները ( Նուռնուս Ջրաբեր)  ի՞նչ վիճակում էին  և այս ընթացքում   ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացրել : 

- Համայնքների խոշորացումից հետո ավելացել են խնդիրները, մեծացել է  պատասխանատվությունը, փոխվել են պահանջները: Տարիներ շարունակ  բյուջեի սղության պատճառով գյուղերում չեն իրականացվել կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր: Բնակավայրերում չկային նախադպրոցական հաստատություններ, անմխիթար վիճակում էին գտնվում դաշտամիջյան ճանապարհները, կար փողոցների լուսավորության չլուծված խնդիր և այլն: Այս տարի մի քանի ծրագիր  իրականացրեցինք. վերանորոգվեց և հարթեցվեց   Նուռնուսի դաշտամիջյան ճանապարը, ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներ կատարվեցին Ջրաբերում՝ 1140քմ,  Նուռնուսում՝ 900քմ, Բյուրեղավան քաղաքում ՝3100քմ:  

Իմ աջակցությամբ  սեպտեմբեր ամսին Նուռնուսի միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  կոյուղու նոր համակարգ  և լուծվեց   դպրոցի ջրամատակարարման խնդիրը, որի անհրաժեշտությունը խիստ զգացվում էր «Տաք սնունդ» ծրագիրն իրականացնելու համար:

 2.Գաղտիք չէ, որ փոքր գյուղական համայնքներում բյուջեն չի բավարարել  խնդիրները  լուծելուն: Ձեզ   որպես  փորձառու  ղեկավարի ո՞րքանով է հաջողվում  միասնական բյուջեյով լուծում տալ   հրատապ հարցերի  լուծմանը:

-Կարծես թե հարցերը դաձել են միասնական և կարևոր չէ, թե ո՞ր բնակավայրում  է առկա  խնդիրը: Տարանջատումների հասկացողություն ինձ մոտ չկա:  Խնդիրը, եթե լուծում է պահանջում, պարտադիր մեր  հնարավորության սահմաններում տրվում է  լուծում: Անկախ նրանից, թե որ բնակվայրում ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել մինչև խոշորացումը:

 3.Պարոն Բալասյան  2018 թվականի ընթացիկ  տարում  ի՞նչ ծրագրեր եք  հասցրել իրականացրել ՝ մասնավորապես քաղաքի (Բյուրեղավան) պուրակի կառուցման հետ կապված:

- Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում մոտ 2800քմ տարածքի վրա կառուցվում է պուրակ: Բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են: Կառուցվել է շենքային մասը՝ տարեցների համար նախատեսված բաց և փակ զրուցարանը, հասարակական զուգարանը: Ճարտարապետական այլ ձևերը, ճեմուղիներն ու հուշաղբյուրը գտնվում են կառուցման գործընթացի մեջ:  Տարածքը ցանկապատվել է,  հարակից ճանապարհները բարեկարգվել և ասֆալտապատվել են: Հանգստյան գոտու կանաչապատումը և ծառատունկը նախատեսվում է հաջորդ տարի գարնանը:  Արդեն տեղյակ եք, որ այս պահին շարունակվում է մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցման արդյունքում  այն դառնալու է կենտրոն, որտեղ տեղափոխվելու են արվեստի դպրոցը, շախմատի դպրոցը և գրադարանը: Վստահ եմ, որ այս տարվա նոյեմբեր ամսին  կավարտենք հիմանորոգման աշխատանքները: Այս երկու ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից, որոնք ընդգրկված են նպատակային  սուբվենցիաների ցուցակում, մնում է ներկայացնել կառավարության հաստատմանը: Մշակույթի տան հիմնանորոգման համար նախատեսվել է  ծախսել 113 մլն 577 հազար դրամ,  որից  24 մլն՝ պետական բյուջեից,  89 մլն 589 հազար դրամը՝ համայնքի բյուջեից:  47 մլն 700 հազար դրամ նախատեսել ենք պուրակի կառուցման համար, որից 13 մլն 356 հազար դրամը՝  պետական բյուջեից, 34 մլն 344 հազար դրամը՝ համայնքի բյուջեից:                                                                               Ի դեպ, առիթն օգտագործելով ցանկանում եմ նշել, որ 2018 թվականի հոկտեմբերի 15-ի N 55-Ա ավագանու նիստի որոշմամբ «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն  ՀՈԱԿ-ը անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս,  մեծ շանսոնյե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անվամբ:                                                                                                       

Երկու փոքրիկ, հետաքրքիր  ծրագիր ենք իրականացնում Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում:  Գյուղերում մանկապարտեզների խնդիր կա, իսկ այս ծրագրի շրջանակներում շուտով կգործեն Մոբիլ մանկապարտեզներ: Ծրագիրն    իրականացվում է Եվրոմիության պատվիրակության համաֆինանսավորմամբ, Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ-ի կողմից: Այս մոդելը թույլ է տալիս  մինչև 15 երեխայի նախադպրոցական կրթության ապահովում,  3-5 տարեկան երեխաների համար։ Մանկավարժը աշխատելու է  «Մոբիլ մանկապարտեզի անձնագրում» ամրագրած մեթոդոլոգիայով, կիրառելով ինտերակտիվ ուսուցման մեթոդները և արդի մեդիա տեխնոլոգիաները:  Բացումը նախատեսվում է առաջիկայում:


4. Ո՞րոնք են  համայնքային նշանակության այն խնդիրները, որ դեռևս լուծում չեն գտել և դրա հետ կապված  ներկայացրել եք մարզպետին  և դիմել եք նոր կառավարությանը:

- Ինտենսիվ աշխատում ենք   Կոտայքի մարզպետի հետ, ինչի արդյունքում փորձում ենք լուծել   համայնքային խնդիրները: Առաջին հարցը, որ ներկայացրել եմ կառավարությանը՝ Բյուրեղավանի ամառանոցային թաղամասում գործող «ԱՌՈՂՋ ՍՈՒՆԿ» ընկերության կոմպոստի արտադրության արդյունքում առաջացած տհաճ հոտի հետ կապված, բնակչության մասսայական դժգոհությունն էր: Այն  համատեղ քննարկեցինք և որոշում կայացվեց հարցը դնել  ավագանու նիստին ինչի արդյունքում 2018 թվականի   մայիսի 25-ի N 43-Ա  որոշման համաձայն ուղերձ  ենք հղել անձամբ    ՀՀ վարչապետին: Իհարկե, այդտեղ մենք ունեցանք դրական տեղաշարժ:  Գործարարը նոր ներդրումներ կատարեց, ավելացնելով ֆիլտրացիոն կրկնակի համակարգ, ինչի արդյունքում անհամեմատ  նվազեց  տհաճ հոտը: Որպեսզի բիզնեսը չտուժի ընկերությունը  պարտավորվել է մինչև 2019 թ-ի մայիսը՝ հոտավետ արտադրությունը  տեղափոխել բնակավայրից հեռու, մեկ այլ վայր:

Հաջորդ հարցը, որ քննարկվել է մարզպետի հետ՝ համայնքի բնակչության մասնակցությամբ,   դեռևս լուծում չի ստացել: Խնդիրը  հրատապ է: Բանն այն է, որ մեր քաղաքում գործում է երկու դպրոց՝ հիմնական և ավագ: Ավագ դպրոցը գնալով ավելի սակավաթիվ է դառնում: Դպրոց է  հաճախում 270 աշակերտ,  հարմարավետ է, ունի լավ պայմաններ:  Նախատեսված է  800 սովորողի համար: Հիմնական դպրոցում պատկերը հակառակն է, գործում է գերծանրաբեռնված, նախատեսված է 450 աշակերտի համար, սակայն այս պահին հաճախում է 1040-ը: Թվով 12 դասարան երկրորդ հերթ է, որից 10-ը՝  տարրական դասարան:  Ծնողների դժգոհությունն արդարացի է: Համատեղ  քննարկվեց  մի քանի տարբերակներ, որոնք չընդունվեցին  ծնողների կողմից:

Ընթացիկ ծրագրեր դարձյալ քննարկել ենք:  Շատ կարևոր էր համայնքային ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի  շտապ օգնության հարցը:  Նախկինում ծառայությունը սպասարկում էր մեկ մեքենա, շահագործման համար բավականին   հնամաշ և ոչ պիտանի: Շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը, Կոտայքի մարզպետարանին, որ մեզ ընդառաջեցին:   Սեպտեմբերին համայնքին հատկացվեց շտապ օգնության մեքենա, որը հագեցած է արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը:

5. Համայնքը գրավիչ դարձնելու համար ի՞նչ նոր ձեռքբերումներ եք արձանագրել :

   -Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգման աշխատանքներ      իրականացվել համայնքում:  Ծառատունկ, կանաչ գոտիների, ժամանցի գոտիների ավելացում, պուրակի կառուցում, մշակութի տան հիմնանորոգում, նախադպրոցական կրթական հաստատությունների հիմնում՝ գյուղերում: Աղբահանության և սանմաքրման պատշաճ իրականացում: Վերելակային տնտեսության պահպանում, բազմաբնակարան շենքերի, մուտքերի վերանորոգում, խաղահրապարկների հիմնում և այլն: Տարբեր կրթական,  մշակութային, մարզական ծրագրերի կազմակերպում… Փորձում ենք անել ամեն հնարավորինը, որպեսզի  համայնքը պահենք զարգացման տեմպի մեջ:

6. Պարոն Բալասյան, ո՞րն է  լինելու  խոշորացված  համայնքներում զարգացման  տեսլականը  և Ձեր առաջիկա  ծրագրերն այն ուղղությամբ:

-Կազմվել է համայնքի հնգամյա ծրագիրը, որի բազայի վրա կառուցում ենք տարեկան պլանները, աշխատանքային ծրագրերը: Փորձում ենք հնարավորինս  մասնակիցը լինել, գործընկերներ գտնել: Միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների միջև համատեղ, բազմաոլորտ  ծրագրեր իրականացնել, այդ թվում նաև հասարակական կյանքին վերաբերող՝ տնտեսության զարգացման, քաղաքացիական հասարակության  կայացման  ուղղությամբ:  Նշեմ, որ վերջերս համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում «Համայնքի տնտեսական զարգացման տեսլականի մշակում» թեմայով: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, փորձագետներ՝ Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունից (GIZ),   համայնքապետարանի աշխատակազմից, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ձեռներեցներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ:  Ընթացավ ծավալուն քննարկում: Ծրագրի հիմնական նպատակն էր օգնել խոշորացված համայնքներին մշակելու իրենց զարգացման տեսլականը և կատարել կոնկրետ գործողություններ՝ բարեփոխումներ և զարգացում ապահովելու համար: Այս պահին շարունակում ենք աշխատանքներ այդ ուղղությամբ:

 

 

ԶՐՈՒՅՑ թերթ
ԶՐՈՒՅՑ թերթ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner