Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/06/2017
Բյուրեղավանն արժանացել է ՙՙՄաքուր համայնք 2016՚՚ մրցանակին

Բյուրեղավան քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում,  հարավարևմտյան հատվածում։ 1994 թ-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Բյուրեղավանին  տրվել է քաղաքի կարգավիճակ: Քաղաքի բնակիչները հանրապետության տարբեր շրջաններից են, 1988-92 թթ բնակչությունը համալրվել է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով: Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն: Բյուրեղավանում գործում էին բյուրեղապակու, մարմարի քարերի մշակման, Արզնի հանքային ջրերի, երկաթ-բետոնե կառուցվածքների գործարաններ, տնաշինական կոմբինատ, երկրաբանական արշավախումբ, գյուղտեխնիկայի և տարաբնույթ ապրանքների հանրապետական բազաներ: Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում` «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ: Օդը մաքուր է, իսկ ջուրը` բնակիչներին է հասնում Նուռնուսի սառնորակ աղբյուրներից: Կլիման մեղմ է. ամառը` զով, ձմեռը` ոչ ցրտաշունչ: Քաղաքից երևում են Արարատ, Արագած, Հատիս և Արա  լեռները: Առհասարակ, Բյուրեղավանի համայնքային մաքրությունն ուղիղ համեմատական է քաղաքի ճշգրիտ, համակողմանի զարգացմանն ու առաջընթացին, ինչը թույլ է տալիս այն համարել ՀՀ առաջատար քաղաքներից մեկը:

 Մեր զրուցակիցն է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասայանը:

-Պարո'ն Բալասյան, քաղաքապետ լինելու երկարամյա Ձեր գործունեությունն աչքի է ընկնում աննկուն եռանդով և տարբեր ոլորտների նկատմամբ միաժամանակյա ուշադրությամբ: Երրորդ անգամ վերընտրվելով Բյուրեղավանի քաղաքապետ`առաջընթացի ի՞նչ ուղի եք նախանշել:

-Առաջընթացի ուղին ձևակերպվել է համայնքի  հնգամյա ծրագրում, որտեղ նախատեսվել են այն աշխատանքները, որոնք  իրականացվելու են առաջիկա 5 տարիների ընթացքում: Հնգամյա ծրագիրը նախորդ քառամյաներից հիմնականում տարբերվում կամ կարևորվում է նրանով, որ կառավարությունն արդեն համայնքի տնտեսական զարգացման խնդիրների համար կարևորում է համայնքի ղեկավարի  դերակատարումն ու պատասխանատվությունը: Այդ ուղղությամբ համայնքի ղեկավարը պարտադիր պետք է անելիք ունենա: Վարչապետ Կարեն Կարապետյանի այս քաղաքականությունը կարևորում ենք և այդ բաղադրիչը մեզ համար կդառնա ուղենիշ: Համայնքի զարգացման ծրագրում ներառել ենք մասնավոր հատվածի կողմից Բյուրեղավան համայնքում իրականացվող որոշ ներդրումային ծրագրերի մասին տեղեկություններ: Համայնքը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ներդրողներին, որպեսզի իրենց ծրագրերը կյանքի կոչվեն, ինչի արդյունքում համայնքում որոշ չափով կլուծվի բնակչության զբաղվածության հարցը: Առաջիկայում այդ ուղղությամբ դեռևս  շատ անելիքներ կան:

-Մշակույթը կարելի է համարել քաղաքի հոգին, տնտեսությունը, սոցիալական կյանքը` մարմինը:  Ո՞րն է, Բյուրեղավանի օրինակով, այս երկուսի լիիրավ գոյության գրավականը` առանց որևէ մեկն անտեսելու վտանգի:

-Հարցը տարողունակ ու հետաքրքիր է, որի համար, անկեղծորեն, շնորհակալ եմ: Իրոք, եթե չունենանք  կրթված, դաստիարակված, կամքով, հոգով ուժեղ սերունդ` որևէ ոլորտում հաջողություն չենք կարող արձանագրել: Հետևաբար, առաջնայինը նաև քաղաքացու, բյուրեղավանցու, Բյուրեղավանում մեծացող երեխայի, երիտասարդի կրթության, դաստիարակության բազմաբովանդակ հարցերն են, որոնք մշտապես իմ ուշադրության կենտրոնում են:

-Մենք` հայերս, զատորոշվում ենք եկեղեցու նկատմամբ յուրահատուկ ակնածանքով. Բյուրեղավանն այն եզակի քաղաքներից էր, որը չուներ իր հոգևոր կենտրոնը, և այս բացը լրացնելը Ձեր գործունեության կարևոր կետերից մեկն էր: Եկեղեցու գոյությունը ինչպե՞ս է փոխում Բյուրեղավանի հոգևոր ռիթմը:

-Ընթացքի մեջ է  սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները: Եկեղեցին կառուցվում է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների մեկենասությամբ: Համոզված եմ` շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես  համայնքում դրական փոփոխություններ կլինեն: Ազգաբնակչությունը, առնչվելով եկեղեցուն, կդառնա ավելի բարեկիրթ և աստվածավախ: Եկեղեցին մեզ համար ոչ միայն քրիստոնեական կրոնն է, այլև մեր գոյության հիմնասյունը: Ասում եք, որ մենք՝ հայերս, յուրահատուկ ակնածանքով ենք վերաբերվում եկեղեցուն: Իսկապես, անուրանալի, անփոխարինելի է  եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության մեջ: Դարեր շարունակ հայ առաքելական սուրբ եկեղեցին կատարել է ազգապահպան գործ: Հոգևոր ռիթմը փոխելու առումով արդեն իսկ, այս ընթացքում, զգալի քայլեր արվել են: Ավագանու որոշմամբ քաղաքի օրը նշում ենք Խաղողօրհնեքի կամ  սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին: Մեր եկեղեցին կրում է սուրբ Մարիամ  Աստվածածնի անունը: Այս տոները համատեղելով` մենք փորձել ենք օրն ավելի  խորհրդանշական դարձնել ու իմաստավորել եկեղեցական տոները:

-Յուրաքանչյուր քաղաքի անվանում ունի իր պատմությունը և հաճախ արտացոլում է նաև բնակիչների հոգեկերտվածքային որոշ գծեր: Ի՞նչ աղերսներ ունի Բյուրեղավանի ստեղծման պատմությունը բնակիչների հոգեկերտվածքի հետ:

-Բյուրեղավան անունը մեր համայնքը ստացել է 1974թ-ին: Մինչ այդ կոչվել է Արզնի ավան: Որպես բնակավայր` գոյություն է ունեցել 1945թ-ից: Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն: Այստեղ կառուցվել են միութենական և հանրապետական նշանակության գործարաններ, հատկապես «Հայապակի» գործարանը, որտեղ արտադրված բյուրեղապակին մեծ պահանջարկ է վայելել նախկին ԽՍՀՄ-ում: Արտադրության ծավալի մեծացմանը զուգահեռ, մինչև 1974թ-ը, Հայաստանի տարբեր շրջաններից մարդիկ եկել և բնակություն են հաստատել այստեղ: Բոլոր ժամանակներում ապակեգործությունը համարվել է մեր քաղաքի բրենդը: Բյուրեղավան անունն էլ հենց կապվել է  բյուրեղապակու արտադրության հետ: Ցավով և ափսոսանքով պետք է  նշեմ, որ այսօր ապակու արտադրություն չկա:  Գործարանն արտադրում էր ապակու տարաներ, որն արտահանվում էր, սակայն 2 տարի է այն չի գործում: Գործարանը սնանկ է ճանաչվել:

-Սոցիալական կապիտալից կարևորագույնը վստահությունն է: Արդյոք այդ հարցում քաղաքապետ-բնակիչ հետադարձ կապն իր դերն ունի՞, թե՞ կան վստահությունն ամրապնդող այլ գործոններ ևս:

-Ամեն ինչ ձեռք բերելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Այդ թվում նաև վստահությունը: Այն կարելի է ձեռք բերել, բայց երկար ժամանակ կամ ընդմիշտ պահպանելը՝ բարդ է: Մարդկային  հարաբերություններում պետք է ազնիվ լինել,  մասնավորապես բնակչի հետ: Վստահություն ձեռք բերելուց հետո այն պահպանվում է գործով: Ժողովուրդը համոզված պետք է լինի, որ խոսքն ու գործը համապատասխանում են միմյանց: Երբեք ինձ թույլ չեմ տվել խաբել որևէ մեկի: Փոխադարձ վստահության գրավականը  մարդկային ազնիվ փոխհարաբերություններն են:

-Համայնքների միության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից արժանացաք մրցանակի, որն առաջին հերթին փաստում է արդյունավետ գործունեությունը: Ի՞նչ դեր ունեն պետական մրցանակները գնահատված լինելու գործում:

-Պարգևների, մրցանակների դերը կարևոր է  նախ համայնքի բնակչության իրազեկվածության տեսանկյունից, քանի որ, լինելով Հայաստանի տարբեր բնակավայրերում և համեմատելով դրանք իրենց բնակավայրի հետ, բյուրեղավանցիները գիտակցում են, որ իրենց համայնքը հանրապետությունում մաքուր համայնքներից մեկն է: Չնայած իրենց համար այդ երևույթը սովորական է, քանզի սովորել են այս ռիթմին: Իհարկե, Հայաստանի Համայնքների միության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից արժանացած «Մաքուր Համայնք 2016» մրցանակը մեզ համար կարևոր է. այն մեր աշխատանքի գնահատականն է, ինչը շատ հաճելի է:

-Արդյունավետ ղեկավարումը ենթադրում է կա՞մք, նպատակասլացությու՞ն, թե՞ կան այլ գործոններ ևս:

-Կարևոր եմ  նաև կառավարման հմտությունների տիրապետելը: Կարող ես լինել կամային, հետևողական, սակայն խնդիրների լուծման ճանապարհներ չգտնել:

 -Որպես անհատ` ի՞նչն է Ձեր աշխարհայացքին բնորոշ, և  արվեստի, գրականության ճյուղերից   ո՞րն  է ամենահոգեհարազատը:

-Որպես անհատ` ես շատ լավատես եմ: Լավատես եմ աշխատանքի, նվաճումների, ձեռքբերումների առումով: Նպատակային և հետևողականորեն կարող եմ տարիներ շարունակ հետամուտ լինել կոնկրետ խնդրի լուծման ուղիներ փնտրելուն: Թեկուզ դանդաղ, բայց անպայման պետք է իրագործեմ այն, ինչը նպատակադրել եմ՝ լինի ընտանիքում, ընկերական շրջապատում, թե աշխատանքում: Եթե այդ խնդրի լուծումն ինձ անհանգստացնում է,  որքան  ժամանակ  էլ պահանջի, ես դրա լուծումը գտնում եմ: Անդրադառնալով արվեստին` պետք է նշեմ, որ մանկուց սիրել եմ գեղանկարչությունը: Մանուկ հասակում անգամ մի քիչ նկարել եմ: Սիրում եմ ճարտարապետությունը, երազում էի ճարտարապետ դառնալ, իսկ առհասարակ արվեստի ճյուղերից հոգեհարազատ է նաև երաժշտությունը:

 

 

 

 

 

ՎԱՐԿԱՆԻՇ ԱՄՍԱԳԻՐ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner