Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 565
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
17/10/2017
ԽՈՇՈՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԸ ՓՈՐՁԱՌՈՒ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 5-ին, ի թիվս Հայաստանի մեծաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրությունների, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ևս կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ՝ պայմանավորված համայնքների խոշորացման՝  օրենքով սահմանված գործընթացով: Բյուրեղավանը, լինելով խոշորացվելիք համայնքային փնջում ամենամեծը, կմիավորի իր կազմում նաև հարակից Ջրաբեր և Նուռնուս գյուղերն՝ ըստ ՀՀ ,,Վարչատարածքային բաժանման մասին,, օրենքում կատարված փոփոխության, ՀՀ կառավարության 2011թ. ընդունած Համայնքների խոշորացման հայեցակարգի և 2016թ.  հոկտեմբերի 18-ի թիվ 1060-Ա որոշման: Խոշորացվելիք 3 վարչական միավորի համար պատասխանատվությունը եռապատկվելու է, ուստի այդ առաքելությունը ստանձնելու պատրաստակամությամբ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել /ԲՀԿ-ից/ Բյուրեղավանի քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Բալասյանը՝ լինելով երկու անգամ վերընտրված քաղաքապետ և փորձառու ոչ միայն համայնքի զարգացման ծրագրերի իրագործման, այլև բնակչի անմիջական խնդիրներին տիրապետելու, իր գիտելիքներն՝ ի նպաստ համայնքի բարօրության ծառայեցնելու գործում:

Ինչպես հայտնի է, դեռ անցած տարեվերջից համայնքներն ունեցան 5-ամյա զարգացման ծրագրեր: Անդրադառնալով առաջիկա ընտրության արդյունքում ձևավորվելիք խոշորացվող համայնքի զարգացման ծրագրի հնարավոր փոփոխությանը Հակոբ Բալասյանը ,,Գործընթաց,, թերթի հետ հարցազրույցում նշեց հետևյալը.

Հ. Բալասյան – Ծրագրերը բնականաբար կփոխվեն, քանի որ միասնական, արդեն իսկ ձևավորված համայնքը կթելադրի նոր իրավիճակներ, որոնց համար անհրաժեշտ կլինի գտնել միասնական լուծումներ: Պահպանվելու են նաև բոլոր հին ծրագրերը, քանի որ դրանք կազմվել են վերլուծությունների արդյունքում՝ ելնելով հնարավորություններից, ինչպես նաև համայնքի ներուժից: Կառավարության վարած քաղաքականությունը միտված է նրան, որ ավելանան ու հզորանան ՏԻՄ լիազորությունները: Արդյունքում՝ կավելանան համայնքների ֆինանսական միջոցները, մաքսիմալ կօգտագործվեն համայնքների ներքին ռեսուրսները: Կառավարության հատկացրած միջոցներով կկատարվեն տարբեր աշխատանքներ, կյանքի կկոչվեն շատ ու շատ նպատակային ծրագրեր: Դրա համար հարկ կլինի նախ բոլոր աշխատանքներն ու ծրագրերն ընդհանուր հաշվով ևս մեկ անգամ ,,վերաբեռնել,, որպեսզի ելնելով ընդհանուր աշխատանքի ծավալից՝ արդյունավետ կազմակերպենք անելիքներն՝ ըստ գլոբալ հիմնահարցերի և ընթացիկ, առօրյա խնդիրների:

Մեծ նվիրում է պետք, անշուշտ, հոգալու համար բազմաշերտ հասարակական խնդիրներ՝ փոքրից մինչև ավագ սերունդ. նախակրթարանների բարելավման գործառույթներին զուգահեռ չմոռանալ նաև տարեցներին: Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար համայնքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Ամառային արձակուրդներին համայնքապետարանը կազմակերպել էր բակային ճամբարներ, ինչը մեծ արձագանք ունեցավ բնակչության շրջանում: Տարեցների համար ակումբի կառուցումը, որը Հակոբ Բալասյանի նախընտրական խոստումներից էր, ընթացքի մեջ է: Տարածքն ավելի քան 3000քմ ընդգրկմամբª վերադարձվել է հանրությանըª կանաչազարդ պուրակ հիմնելու և քաղաքի համայնապատկերում ևս մի հանգստի անկյուն ստեղծելու նպատակադրմամբ: Նշված տարածքը մինչ այդ օգտագործվելով անօրինական կերպովª վերածվել էր շինանյութերի և կենցաղային թափոնների աղբակույտի, ինչը խիստ տհաճ տպավորություն էր թողնում և անհարիր էր շրջակա միջավայրին: Անցյալ տարի գարնանը քաղաքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով սկսվեցին տարածքի սանմաքրման աշխատանքներն, իսկ ներկայում այստեղ ընթացք են ստացել շինաշխատանքները: Նախատեսվում է կառուցել տարեցների ակումբ, որտեղ կհավաքվեն և իրենց ժամանցը կկազմակերպեն մեծահասակները: Այստեղ կլինի նաև հասարակական զուգարան, հուշաղբյուր, խաղահրապարակներ և հանգստյան գոտիներ:

Հակոբ Բալասյանը ձեռքբերում է համարում յուրաքանչյուր գործ, որը նպաստել է համայնքի զարգացմանը, կարևորում համագործակցությունը բնակչության հետ, բոլոր նրանց հետ, ովքեր կարող են իրենց ավանդը բերել քաղաքին, միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները: Բյուրեղավանում ավանդույթ կա. տարին ամփոփելուց կազմակերպում են տոնական միջոցառում՝ ուշադրության արժանացնելով ավագանու անդամների, հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչների, բուժաշխատողների, ինչպես նաև սպորտի, մշակույթի ասպարեզում հաջողություններ գրանցած լավագույն սաների: Համայնքի ղեկավարի պարգևատրումները նրանց ոգևորում են: Ամեն տարի Ուսուցչի օրվա առթիվ պատվում են մանկավարժներին՝ շնորհակալագրերով, դրամական պարգևներով, պատվոգրերով: Ըստ տոնանշման խորհրդի՝ խրախուսվում են նաև Հայրենական պատերազմի վետերանները, Արցախյան գոյամարտի ու քառօրյա պատերազմի մասնակիցները: Ուշադրության են արժանանում նաև վաստակաշատ հանգստի մեկնողները: Ի դեպ, համայնքի կողմից գնահատման արժանիներն ընտրվում են բծախնդրորեն: ,,Միջավայրում պետք է համոզված լինեն, որ խրախուսվում են արժանիներն՝ անպայման մեծ տեղ տալով մարդու անցած ուղուն,,-նշում է Հ. Բալասյանը:

Քաղաքին հոգևոր-մշակութային շունչ հաղորդելու Հակոբ Բալասյանի նպատակները կյանքի են կոչվում. քաղաքը կունենա իր վեհաշուք եկեղեցին, նաև մշակույթի տունը՝ հիմնանորոգ՝ որպես արվեստի կենտրոն՝ աճող սերնդի զարգացման համար: ,,Մշակույթի տան շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս տարի հրատապ ծրագրերի շրջանակներում կառավարությունը մարզպետարանի միջոցով 40 մլն դրամ հատկացրեց այդ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար: Ավելի քան 60 մլն դրամ հատկացրել ենք համայնքի բյուջեից: Գումարն արդեն տնտեսված ունենք: Ցավոք սրտի, այս պահին դանդաղ է ընթանում շինարարությունը, սակայն վստահ եմ, հաջորդ տարի ամբողջովին կավարտենք աշխատանքները: Ինչ մնում է Բյուրեղավանում կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն, նշեմ, որ շինաշխատանքները շարունակվում են: Այս տարի ևս 2մ բարձրացրել են եկեղեցու պատերը: Շուտով կավարտվի շինարարությունը և մեր քաղաքը կունենա եկեղեցի, ինչը կնպաստի մեր բնակչության մեջ քրիստոնեական արժեքների ամրապնդմանը,,-նշում է Հակոբ Բալասյանը համոզմունք հայտնելով, որ բարեկիրթ, հավատքով ու դաստիարակված մարդն իր արժեհամակարգով իմաստավորում է լավն ու գեղեցիկը համայնքի առաջընթացում:

,,Գործընթաց,, թերթ

Ինարա Դանիելյան

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ ԹԵՐԹ
ԳՈՐԾԸՆԹԱՑ ԹԵՐԹ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner