Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/04/2016
«Կյանքում իրատես եմ, աշխատանքում՝ համառ և հաստատակամ»

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի զրուցակիցն է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը:

 

-Պարո՛ն Բալասյան,  2012թ.-ի ընտրություններին վերընտրվեցիք Բյուրեղավանի քաղաքապետ: Ըստ  Ձեզ՝ ինչո՞ւմն էր կայանում Ձեր առավելությունը  վերընտրվելու համար:

 

-Լավ կլիներ այս հարցն ուղղեիք բյուրեղավանցիներին, ոչ թե ինձ:

 

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ վերընտրվելու դեպքում գործելու եք ամենայն վճռականությամբ: Հետաքրքրական է,  իսկ ի՞նչ աշխատանքներ եք վճռականությամբ տոգորված իրականացրել  2012թ. մինչ օրս՝ լինելով Բյուրեղավանի քաղաքապետ։

 

-Ընտրվելուց հետո առաջին հերթին պահպանել եմ քաղաքապետարանի և ենթակա հիմնարկների աշխատանքի ամենօրյա ռիթմը: Ամբողջովին վերանորոգվել են քաղաքում չգործող թվով 23 վերելակներ: Իմ նախընտրական ծրագրի ամենակարևոր կետերից մեկը՝ մանկապարտեզի հիմնանորոգումն էր և այն 2013-ի հունիսին շահագործման հանձնեցինք: Այսօր ունենք շքեղ մանկապարտեզ, որտեղ հաճախում է 135 երեխա: Այն իրականացվեց կառավարության և քաղաքապետարանի բյուջեի գումարներով: Նույն տարում ավագ դպրոցին կից բացեցինք նաև նախակրթարան՝ 100 երեխայի համար: Ես կարողացա լուծել քաղաքում առկա ջրագծերի խնդիրը և հիմա Բյուրեղավանն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գիտեք, մեր քաղաքը չուներ հոգևոր կենտրոն, ես կարևորում էի դրա անհրաժեշտությունը և մեծ աշխատանքներ տարվեցին նաև այդ ուղղությամբ: 3 տարի առաջ՝ խաղողօրհնեքի օրը տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը: 2014թ-ի գարնանը իրականացրինք մի ծրագիր, ինչի շնորհիվ Բյուրեղավան համայնքում բացվեց բարեգործական  ճաշարան:  Ճաշարանը ֆինանսավորվում է Ամերիկայի Արևելյան թեմի Հայ առաքելական  եկեղեցու Հայ օգնության ֆոնդի (FAR)  կողմից:  Այն նախատեսված է մինչև 150 հոգու համար: Ծառայությունից օգտվում են տարեցներ, հաշմանդամներ, միայնակներ: Այս տարի համայնքում կատարեցինք խոշոր ասֆալտապատման աշխատանքներ: Բարեկարգվեցին բակերն ու ներհամայնքային ճանապարհները: Քաղաքն ամբողջովին ապահովված է գիշերային լուսավորությամբ: Երեխաների համար ստեղծել ենք խաղահրապարակներ, տեղադրել` կարուսելներ, իսկ մեծահասակների համար զրուցարաններ: Բավականին ակտիվ է քաղաքի հոգևոր, մարզական և մշակութային կյանքը:

 

-Այս տարի ևս կանցկացվեն քաղաքապետի ընտրությունները: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, և արդյո՞ք կան այլ թեկնածուներ:

 

-Միանշանակ առաջադրվելու եմ: Ունեմ կիսատ գործեր և ծրագրեր, որոնք պետք է իրագործեմ: Իհարկե, կան անուններ, որ շրջանառվում են հանրության մեջ: Երբ առաջադրումները սկսվեն այդ ժամանակ պարզ կլինի, ովքեր են թեկնածուները:

 

-Հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ուղուն, համեմատելով և զուգահեռներ անցկացնելով 2008թ.-ից մինչ օրս պաշտոնավարման Ձեր տարիներին, ինչպե՞ս կգնահատեք բյուրեղավանցիների այս օրը:

 

-Բյուրեղավանցիներն այսօր ունեն որակյալ, շուրջօրյա խմելու ջուր: Լուսավոր բարեկարգ բակեր, մանկական խաղահրապարակներ: Բարձրակարգ մանկապարտեզ ու նախակրթարան: Ամենակարևորը պետք է նշեմ, որ քաղաքում հանգիստ, ջերմ մարդկային մթնոլորտ է, ինչը ձևավորվել է վերջին տարիների ընթացքում:

 

-Պարո՛ն Բալասյան, քաղաքի գերխնդիր համարվող ջրագծերի հիմնանորոգման վերաբերյալ ինչպիսի՞ աշխատանքներ կարողացաք տանել՝ փորձելով լուծել բյուրեղավանցու առաջնային հարց դարձած խնդիրը:

 

-Այո, հարցն առաջնային էր: 2013թ-ի ամռանը Եվրոպական բանկի և ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի միջոցներով քաղաքում սկսեցինք իրականացնել խմելու ջրի նոր ջրագծերի շինարարական աշխատանքները: Քաղաքը սպասարկող ջրահավաք կայանը և բոլոր խողովակատար ջրանցքները գտնվում էին անմխիթար վիճակում, ինչի պատճառով խմելու ջրի մեծ կորուստներ էինք արձանագրում: Նախապես խնդիրը մանրամասն ուսումնասիրվեց ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, որը ներկայացվեց Եվրոպական բանկին: Գործընկերների վստահությունը ձեռք բերելու համար համայնքի սեփականություն համարվող մատակարարվող խմելու ջրի և կոյուղու համակարգերը մինչև 2035թ-ը օգտագործման իրավունքով հանձնվեց ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ին : Շինարարական աշխատանքները իրագործելու համար ծախսվեց 400 մլն դրամից ավելի: Շնորհակալ եմ բոլորին, որ մեր քաղաքում այդ խոշոր ծրագիրն իրականություն դարձավ:

 

-Բյուրեղավանը Հայաստանի այն եզակի քաղաքներից էր, որտեղ մինչև վերջերս չկար որևէ հոգևոր կենտրոն: Ձեր ղեկավարման տարիներին զարկ տրվեց նաև այս խնդրի լուծմանը: Ինչպե՞ս սկսվեցին  եկեղեցու շինարարական աշխատանքները, և երբ այն  կհանձնվի հանրությանը:

 

- Իմ խոսքի սկզբում ես նշեցի հարցի կարևորությունը՝ մեր քաղաքում եկեղեցի ունենալն իմ նվիրական երազանքներից է: Այս հարցը բազմիցս քննարկել եմ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ: Ընտրվելուց հետո անձամբ եմ խնդրել թեմի առաջնորդին աջակցել մեզ այդ հարցում: Նրա աջակցությամբ գտնվեցին մարդիկ, ովքեր հովանավորեցին իրականացնել հոգևոր կառույցի շինարարությունը: 2013թ. Բյուրեղավան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականություն համարվող զբոսայգին, սեփականության իրավունքով, անհատույց տրամադրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ եկեղեցի կառուցելու համար:  Օգոստոսի 18-ին՝ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, քաղաքում մեծ շուքով կատարեցինք եկեղեցու հիմնարկեքը: Այժմ եկեղեցու շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են,  հուսանք շուտով այն կավարտվի:

 

-Գաղտնիք չէ, որ այսօր գերխնդիր համարվող խնդիրներից է երկրում տիրող արտագաղթը:Հետաքրքիր է, ինչպե՞ս է այն անդրադարձել բյուրեղավանցիների վրա:

 

-Բնականաբար այդ խնդիրը կա նաև մեզ մոտ: Այսօր մարդիկ ավելի լավ ապրուստի ակնկալիքով ու նպատակով տեղափոխվում են այլ երկիր, բայց հուսով եմ՝ շատերը ժամանակավոր: Գիտեք, մեզ մոտ շատ արագ այդ բացը լրացվում է՝ Երևանից, հեռավոր մարզերից գալիս են Բյուրեղավան բնակության: Ըստ վիճակագրական տվյալների մեր քաղաքում բնակչության աճ է գրանցվել:

 

-Ինչպիսի՞ն էր Հակոբ Բալասյանը նախքան Բյուրեղավանի քաղաքապետ դառնալը և դրանից հետո: Ինչպե՞ս անդրադարձավ քաղաքապետի պաշտոնը Հակոբ Բալասյան մարդ անհատի վրա:

-Առաջնայինը մարդ կոչումն է: Պաշտոնը երկրորդական է: Երիտասարդ տարիներից հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցրել եմ: Պաշտոնին վերաբերվում եմ որպես աշխատանքի, ինչպիսին կարող է լինել շինարարինը, ուսուցչինը…

 

-Ամրագրելով Ձեր մնայուն տեղը քաղաքականության մեջ, կարիերայի ճանապարհին ունենալով նվաճումներ և ձեռքբերումներ, հաղթահարելով մի շարք դժվարություններ և փորձություններ, այսօր ի՞նչ ծրագրեր ունեք Ձեզ այդչափ հարազատ դարձած քաղաքի համար, և ինչպիսի՞ տեսլականով:

-Քաղաքապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից իմ գլխավոր նպատակը եղել է երեխաների կրթության, դաստիարակության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Ամենօրյա աշխատանքների ընթացքում իմ նպատակներն ուղղված են հենց այդ ոլորտներին: Առաջնայինն ինձ համար արվեստի դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելն է: Հուսով եմ, այն կավարտենք  2 տարվա ընթացքում: Որոշումներն իմ կողմից ընդունվում են հիմնականում ավագանու, մեր աշխատակիցների, հանրության հետ քննարկումներից հետո: Որոշումներից հետագայում հետ չեմ կանգնում: Կյանքում իրատես եմ, անհասանելի նպատակներ չեմ դնում իմ առջև, խոստումներ չեմ շռայլում: Աշխատանքում համառ եմ և հաստատակամ: Հույսս հիմնականում կապում եմ ինձ հետ:

 

-Պարո՛ն Բալասյան, ինչպե՞ս կարողացաք փակել 2015 թ. բյուջեն:

 

-Մի քիչ դժվարությամբ, բայց 100%-ով: Շատերի մոտ այն պատկերացումն է, թե բյուջե կատարելը զուտ մեխանիկական դրամահավաք է՝տեղական հարկերի և տուրքերի գծով, ինչպես նաև պետությունից ակնկալվող դոտացիաները: Սակայն բյուջեն կատարելը շատ կարևոր է նրանով, որ համայնքը կարողանում է կատարել տարվա համար պլանավորած բոլոր ծախսերը, այսինքն` իրականացնել բոլոր ծրագրերը՝ ի շահ համայնքի:

 

 

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի

 

 

 

 

 

ԴԵ ՖԱԿՏՈ ամսագիր
http://df.am/news/2319/hakob_balasyan_117.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner