Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
12/03/2016
Ես իմ տանից դուրս եմ գալիս և մտնում եմ իմ մեծ տունը...

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի խոսքերն են: Եվ դրանք սովորական բառեր չեն, խոր իմաստ են արտահայտում: Եվ հետաքրքիրն ու կարևորն այն է, որ Բալասյանն այդ միտքը բազմիցս արտահայտել է դեռևս այն ժամանակներում, երբ աշխատում էր «Հայբյուրեղապակի» գործարանում /հետագայում՝ «Հայապակի» միավորում/: Այն ակներում նրա մտքովն անգամ չէր անցնում, որ ինքը կդառնա իր, այո, նաև իր հիմնադրած քաղաքի առաջին դեմքը՝ քաղաքապետը: Այո, ինքը մասնակցել է Բյուրեղավանի կառուցմանը, քաղաքի հետ հասակ է առել, ուրախացել յուրաքանչյուր բնակելի նոր շենքի շահագործումով, նոր դպրոցի բացումով, ուսումնարանի, նոր գործարանի հիմնադրմամբ…

Խառնվածքով լինելով բնության, ծառ ու ծաղկի սիրահար, շա՜տ է ուրախացել, երբ փողոցների մայթերին ծառեր են տնկել, ծաղիկներ են աճեցրել, կանաչ գոտիներ ստեղծել: Ինքն էլ է մասնակցել իր քաղաքի կանաչապատման աշխատանքներին: Ճիշտ է, պատասխանատու պաշտոններ է վարել  /Աբովյանի շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալ, այնուհետև Կոտայքի մարզպետարանում աշխատակազմի ղեկավար/, բայց ոչ ոմանց նման բախտի բերումով: Հակոբ Բալասյանն ինչի հասել է, հասել է իր խորը գիտելիքների, գործի նկատմամբ բարձր պատասխանատվության, անաչառության, ղեկավարման ձիրք ունենալու շնորհիվ:

«Ես իմ տանից դուրս եմ գալիս և մտնում եմ իմ մեծ տունը»,- ահա նրա հավատամքը: Եվ այդ մեծ տունը սկզբում եղել են այն պաշտոնները, որ նա վարել է, գործ ունենալով մարդկանց հետ, լսելով նրանց բարձրացրած հարցերը, լուծումներ տալով դրանց: Եվ այդ մեծ տունը եղել են քաղաքացիներն ու նրանց ամեն տեսակի խնդիրները:

Բալասյան-մարդ տեսակը միշտ հետին պլան է մղել իր հոգսերն ու խնդիրները, եղել և մնում է համեստ կենսակերպի տեր,  ինչպես իր արժանահիշատակ ծնողները: Նույնիսկ այն ժամանակներում, երբ գործկոմի նախագահի տեղակալ էր, բոլորովին էլ չէր մտածում իր բնակարանային պայմանները բարելավելու մասին: Այդպես էլ իր ընտանիքով մնաց հինգ հարկանի շենքի վերջին հարկի բնակիչ: Ընտրվեց Բյուրեղավանի քաղաքապետ, դարձյալ չմտածեց բնակարանը փոխելու մասին: «Ես Բյուրեղավան քաղաքի բնակիչներից մեկն եմ, իմ բնակարանից, իմ տանից իջնում, մտնում եմ իմ մեծ տունը: Մտնում եմ իմ քաղաքը, որի ամեն մի շենքը, ամեն ծառ ու թուփը: Յուրաքանչյուր բյուրեղավանցի ինձ հարազատ է ու սիրելի: Հինգերորդ հարկում էլ իմ ընտանիքով մեզ վատ չենք զգում: Ես ինձ առավել լավ եմ զգում, երբ կարողանում եմ լուծել բնակիչներին հուզող հարցերը»,- ահա այսպես է մտածում և գործում քաղաքապետ Բալասյանը:

Երկու անգամ բյուրեղավանցիները Բալասյանին ընտրել են քաղաքապետ: Անցած այդ ժամանակահատվածում շատ բան է փոխվել Բյուրեղավանում: Առաջինը, ինչպես յուրաքանչյուր բնակավայրում է աչքի զարնում, դա սանիտարական մաքրությունն է, բարեկարգ վիճակը, ինչն արդեն կենսակերպ է դարձել Բյուրեղավանում: Եվ դա անուրանալիորեն կապված է քաղաքապետ Բալասյանի հետևողական աշխատանքի, պահանջկոտության հետ: Բնություն սիրող Բալասյանի համար չափազանց կարևոր էր վերականգնել ցրտի, խավարի տարիներին ոչնչացված անտառային գոտին, պուրակները: Բյուրեղավան տանող ճանապարհի աջ կողմում հիմնվեց պուրակ զբոսայգի, ուր արցախյան ազատագրական պայքարի, երկրաշարժի և Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված կոմպոզիցիոն հուշարձանախումբն է:

Այս անգամ հանգիստ թողնենք թվերին, թե այսքան միլիոն դրամով այս արվեց, այն արվեց: Դա ում հետաքրքրում է, թող վերցնի կայք-էջերից: Կարևորը արված գործն է: Բարեկարգ փողոցները, մայթերը, բոլոր շենքերը, բնակարանները գազաֆիկացված են, ապահովված են շուրջօրյա խմելու ջրով: Գիշերային լուսավորության խնդիրը վաղուց լուծված է, մանկապարտեզը հիմնովին նորոգված է և գործում է, դպրոցների, մշակույթի տան գործունեությունը գտնվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, սոցիալապես անապահով, զոհված ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական օժանդակություն:

Քաղաքում ստեղծվել են մեծահասակների և երեխաների համար խաղահրապարակներ՝ անհրաժեշտ պարագաներով:

Քաղաքապետը նոր ծրագրեր ունի: Սակայն չի սիրում այդ մասին բարձրաձայնել: Եվ ճիշտ  է անում: Մարդիկ խոսքերից, խոստումներից վաղու՜ց կուշտ են: Բյուրեղավանցիները համոզված են, որ կատարած գործերով է Հակոբ Բալասյանը ապացուցում նվիրվածությունը քաղաքին ու նրա բնակչությանը:

«Կոտայք» թերթ
12 մարտի 2016 թվական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner